Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամառային դպրոց՝ «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում»

Ամառային դպրոց՝ «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում»
01.07.2014 | 11:49

ԵՊՀ-ում հունիսի 30-ին մեկնարկել է «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ամառային դպրոցը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնած և ՀՀ Սահմանադրական դատարանի աջակցությամբ անցկացվող ամառային դպրոցը տևելու է հունիսի 30-ից հուլիսի 5-ը:
Հիմնական նպատակն է ժամանակակից աշխարհում ընթացող սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, ոլորտի հիմնախնդիրներն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց տեսական ու պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նշված բնագավառին առնչվող հետազոտություններ իրականացնող տեսաբանների և պրակտիկ աշխատողների միջև միջազգային համագործակցության և փոխօգնության մշակույթի ձևավորումն ու խթանումը:
«Կարծում եմ՝ սա իրոք լավ դպրոց կհանդիսանա մեր ուսանողների և հյուրերի համար, որպեսզի նրանք կարողանան քննարկումների ընթացքում փոխադարձաբար հարստացնել միմյանց գիտելիքները: Դպրոցի կազմը պատահական չի ընտրված. մեր հյուրերը հիմնականում Արևելյան Եվրոպայի այն երկրներից են, որոնք ոչ վաղ անցյալում գրեթե նույն կարգավիճակում էին գտնվում, ինչ Հայաստանը, և որոնք ունեն մեզ համար օգտակար ասելիք»,- ամառային դպրոցի կարևորությունն է ընդգծում Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Միջազգային ամառային դպրոցն ունի լայն ընդգրկում և համախմբում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա պետություններ ներկայացնող տեսաբանների, պրակտիկ աշխատողների, սահմանադրական զարգացումների գործընթացներում ներգրավված փորձագետների, ինչպես նաև տարբեր իրավաբանական բուհեր ներկայացնող ուսանողների:
«Այս թեման շատ արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այժմ մենք գտնվում ենք սահմանադրական բարեփոխումների գործընթացում, և պատրաստման ընթացքի մեջ է այդ բարեփոխումների հայեցակարգը»,- նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Անահիտ Մանասյանը:
Ոլորտում իրենց ունեցած փորձը ներկայացնելու և նորը ձեռք բերելու համար Հայաստան են ժամանել մասնագետներ Ուկրաինայից, Չեխիայից, Հունգարիայից, Լիտվայից, Վրաստանից և Սլովակիայից: Ամառային դպրոցին մասնակցում են նաև հայ մասնագետներ ու ԵՊՀ ուսանողներ:
«Սեփական փորձով ասեմ, որ շատ կարևոր է միջազգային համագործակցության հիմքերը երիտասարդ տարիքում դնելը, քանի որ դրանք լինում են արդյունավետ ամբողջ կյանքի համար»,- դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ նշեց ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:
Հենց այդպիսի մի համագործակցության ակնկալիքով էլ Հայաստան է ժամանել Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Եվա Դևյատնիկովայտեն. «Այստեղ եմ, որպեսզի աշխուժացնեմ փոխգործակցությունը մեր և ԵՊՀ-ի միջև»:
Նշենք, որ Եվա Դևյատնիկովայտեն նաև նվեր ուներ. նա Իրավագիտության ֆակուլտետին նվիրեց Լիտվայի սահմանադրությունը՝ թարգմանված 13 լեզուներով:
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանն էլ կարծում է, որ այս միջոցառումը շատ հարուստ նյութ կտա արտասահմանյան գործընկերներին մեր երկրի իրավական համակարգը ճանաչելի դարձնելու առումով:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ